ԱԶՆՎԱԿԱՐԳ
ԿԱՐԳ ԱԶԱՏԱՆՈՒ ՀԱՅՈՑ
Կամոք հաւիտենալոյս Արարչի, ի փառս գալիք Արքայութեան Հայոց Մեծաց, եւ ըստ
կարգի նախնեաց մերոց
Մենք սահմանում ենք հայոց ազատանու հիմնարար կանոնները
Ի գիտություն եւ ի կիրառություն բոլորին:
ՆԱԽԱԲԱՆ
Հայ ազգի, տոհմի և անձի անձեռնմխելի իրավունքն է, նաև պարտականությունը՝ ճանաչել,
հարգել, վերականգնել և շարունակել նախնիների ավանդույթները, այդ թվում տոհմական ավանդույթները,
ներառյալ տոհմական իրավասություններն ու տիտղոսները: Այդ առումով, որևե պետական կամ
հասարակական, աշխարհիկ կամ հոգևոր կառույց, օտար կամ հայկական՝ որևե որոշմամբ կամ ակտով
իրավասու չէ արգելել կամ սահմանափակել վերոհիշյալ իրավունքների և պարտականությունների
իրականացումը:
Սույն Կարգն Ազատանու Հայոց՝ Ազնվակարգը հիմնված է մեր նախնյաց կարգի և ժամանակակից
փորձի հիման վրա: Սույն կարգը կազմում է մի
մաս հայոց նախնյաց կարգի, որի տակ հասկացվում է հայ ավանդույթը այնպես, ինչպես որ այն
արտացոլված է հայոց պատմության մատենագրական և այլ պատմական աղբյուրներում՝ հատկապես
(սակայն ոչ բացառապես) Մեծ Հայքի Արքայության օրոք: Քան զի հայոց նախնյաց կարգը եղել
է այն միջավայրը, որուում և ձևավորվել ու բարգավաճել է հայ ազգը, այդ նախնյաց կարգը
համարվում է գերակա բոլոր այլ կարգերի հանդեպ:
Սույն Ազնվակարգը ընդունվել է հայոց իշխանների կողմից և պարտադիր է՝ օրենքի
ուժով բոլոր ազատներին ի կարատում: Արդեն ընդունված և գրանցված կանոնները կարող են
փոփոխվել բացառապես երկու դեպքում. Հայոց Արքայի հրամանագրով կամ հայ Իշխանակույտի
կողմից՝ միաձայն և դեմ ու ձեռնպահների բացակայությամբ:
ԱԶԱՏԱՆԻ
Ազատանին հանրության խավ է, որի անդամները միապետին, երկրին և ազգին մատուցած
իրենց անձնական կամ իրենց նախնիների երևելի ծառայությունների համար կարգվել են համապատասխան
դասին (այդ թվում, որոշ դեպքերում, տիտղոսադրությամբ), որոնք ունեն տոհմիկ պատմություն
և այժմ հանդիսանում են որպես տոհմականության և հայոց նախնյաց կարգի և ազգային ավանդույթների
կողը:
Ավանդաբար, հայ ազատանին կազմված էր միապետի հպատակներից և հետևաբար պարտավոր
էր ծառայել միապետին, արքայությանը և ազգին: Այդ առումով, ազատանին՝ հատկապես իշխանները
ունեն շատ ավելի պարտականություններ Հայոց Արքայի, Հայքի և հայոց ազգի հանդեպ, քան
այլ անձիք:
Ազատանին առաջացել է երկու եղանակով՝ բնական կամ պարգևական: Ազատանուն դասելու
(պարգևելու) իրավունքը բացառապես միապետինն է, կամ էլ միապետի անունից հատուկ և ժամանակավորապես
այդպիսի արտոնյա իրավունք ստացած բարձրաստիճան կառավարչինը:
Ազատանու տոհմերի անդամները իրավունք ունեն (ժառանգական իրավունքով) կրել
իրենց տոհմին համապատասխանող տիտղոսները, ունենալ և օգտագործել տոհմանիշ («զինանշան»),
դրոշ և տոհմական կնիքներ:
ԱԶԱՏԱՆՈՒ ՈՐԱԿՆԵՐԸ
Բոլոր մարդիկ ծնվում են ազատ և իրավահավասար օրենքի առջև: Անձի ծագումը, տիտղոսը
կամ հանրային կարգավիճակը իրավունք չէ տալիս իրեն վեր դասել այլոց հանդեպ կամ նվաստացնել
մեկ այլ անձի: Անձնական կամ տոհմական պարծենկոտությունը ամոթալի է և նշան է ազնվական
դաստիարակության պակասի: Ճշմարիտ իշխանը կամ ազնվականը պետք է ոչ թե ինքն իրեն գովերգի,
այլ իր հայրենասիրական, պետականանպաստ և ազգանվեր գործունեությամբ ձեռք բերի այնպիսի
պատիվ, բարի համբավ ու փառք, որ այլոք գովեն իրեն:
Ազնվականությունը նախ և առաջ հոգու որակ է, ամրացված տիտղոսներով, տոհմիկ
ծագումով, և այլ հատկություններով: Ազնվականությունը իմաստավորված է և ճանաչելի ազնվական
պահվածքի՝ մտածելակերպի, խոսելաոճի և արարքների շնորհիվ: Այդ առումով, ազնվականությունը
ոչ թե արտոնություն է, այլ պարտավորություն:
ԻՆՔՆԱԿՈՉՈՒԹՅՈՒՆ
Ինքնակոչությունը ծանրագույն հանցանքներից մեկն է և համարվում է գողության
ստորագույն տեսակը: Ազնվականի ինքնակոչությունը հանգեցնում է պատվո կորստի: Ինքնակոչը՝
նույնիսկ եթե նա իշխանական ծագում ունի, բայց իրեն ներկայացրել է մեկ այլ՝ իր տոհմին
չպատկանող տիտղոսով, անմիջապես մերժվում է հայ ազնվականության կողմից և կորցնում է
իր իրավունքը մասնակցելու ցանկացած ազնվական միջոցառմանը:
Մյուս կողմից, ինքնակոչության անհիմն մեղադրանքի դեպքում, մեղադրողը պարտավոր
է կամ հրապարակավ (առնվազն երեք այլ իշխանի և զրպարտության զոհի ներկայությամբ) ներողություն
խնդրել իր կեղծ մեղադրանքի համար, կամ էլ՝ հակառակ դեպքում, կպատժվի ինքնակոչին հասանելիք
պատիժով:
ՏՈՀՄ
Տոհմը կազմում է հայ հասարակության հիմքը:
Հայոց տոհմերը կազմվում են տոհմանունների (ազգանունների) հիման վրա՝ ամրագրված
արյան կապով կամ որդեգրմամբ: Ըստ այդմ, հայոց ազնվակարգը հիմնված է տոհմանվան իրավունքի
(jus nomine) վրա, որը բխում է արյան իրավունքից (jus sanguinis) կամ որդեգրությունից:
Եթե որևե տոհմ սերվում է մեկ այլ տոհմից, սակայն այդ տոհմերի տոհմանունները
տարբերվում են, ապա նրանք համարվում են տարբեր տոհմեր՝ տարբեր տոհմիկ իրավունքներով:
Տոհմի անդամ են համարվում այդ տոհմանվան (ազգավան) կրողները: Տոհմանվան կորստի
կամ արմատական փոփոխության դեքում, անձը կորցնում է այդ տոհմի հետ կապված տոհմիկ իրավունքները:
Սույն կարգը չի վերաբերվում տոհմանվան չափավոր/թեթևակի փոփոխություններին (օրինակ,
Արղության-Արգուտինսկի կամ Ռշտունի-Ըռշդունի կամ Մելիք-Եգանյան-Եգանյան և այլը)՝ պայմանով,
որ ապացուցելի է, որ թեթևակի փոփոխված ազգանունը վերաբերվում է նույն տոհմին:
Մյուս կողմից, ազգանվան համահնչությունը կամ նույնությունը դեռևս բավարար
հիմք և ապացույց չէ կարող համարվել ազատանու տոհմին պատկանելու համար: Օրինակ, հայտնի
է, որ Բագրատյանները որևե կապ չունեն Բագրատունի արքայատոհմի հետ, այլ Բագրատ անունով
ոմն անձնավորության սերունդներն են, նույնպես Մամիկոնյանների ճնշող մեծամասնությունը
Մամիկոն անունով անձնավորության սերունդներ են, այլ ոչ Մամիկոնյան իշխանատան անդամներ:
Իշխանական տոհմի ավագը տոհմապետն է: Իշխանական տոհմերը իրենք են որոշում իրենց
տոհմապետների ընտրության ու իրավասությունների, ինչպես նաև տոհմական կառույցների ձևավորման
ու գործունեության կարգը: Այդ կարգերը կարող են որոշվել տոհմահավաքների, տոհմական ժողովների,
խորհուրդների կամ այլ կազմակերպչական միջոցներով:
ՏՈՒՆ
Տոհմի տարբեր ճյուղերը կոչվում են տուն:
Տան ավագը Տանուտերն է:
ԸՆՏԱՆԻՔ
Տունը կազմված է ընտանիքներից:
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
Առաջնությունը տրվում է տոհմի, տան, ընտանիքի արական անդամներին. արական անդամի
բացակայության դեպքում, առաջնությունը տրվում է իգական անդամին, պայմանով, որ նա կրում
է համապատասխան տոհմի ազգանունը՝ տոհմանունը:
Վերո սահմանված հստակ առաջնության բացակայության դեպքում, առաջնությունը անցնում
է ազնվականության հարցերում տոհմի ամենաակտիվ և այլ իշխանների կողմից ճանաչված անդամին:
ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ
Ազնվական տոհմերի ամուսնությունը համարվում է իրական և վավեր, եթե այն համապատասխանում
է հետևյալ բոլոր կանոններին.
Ա. եթե ամուսնությունը կատարվում է մեկ տղամարդու
և մեկ կնոջ միջև,
Բ. եթե ամուսնությունը պաշտոնապես գրանցված
է ամուսնությունների պետական գրանցման համակարգում,
Գ. եթե երկու ամուսիններն էլ և իրենց ծնողները
ազգությամբ հայ են, կամ, ամուսիններից մեկի օտարազգի լինելու պարագայում, նա արյունակից
եվրոպական/հնդեվրոպական ազգից է (սույն Գ կանոնում բացառություններ կարող են կատարվել
միայն Հայոց Արքայի հրահանգով):
Ամուսնության բոլոր այլ տարբերակները անվավեր են՝ հայ ազնվական ավանդույթի
տեսանկյունից և չեն կարող հիմք ծառայել ազնվական տոհմի շարունակության կամ իրավահաջորդության
համար:
Ազնվական տոհմի արու զավակի ամուսնության պարագայում և տղամարդու տոհմանվան
պահպանման դեպքում, տղամարդը պահպանում է իր բոլոր տիտղոսները և կինը՝ ընդունելով ազնվական
տղամարդու տոհմանունը, ստանում է այդ տոհմի համապատասխան կանացի տիտղոսները: Եթե ազնւական
տղամարդու տոհմանունը փոխանցվում է ամուսնությունից ծնված երեխաներին, ապա նրանք նույնպես
ստանում են համապատասխան ազնվական տոհմանվան տիտղոսներն ու ժառանգական իրավունքները:
Ազնվական տոհմի աղջկա ամուսնության պարագայում եթե կիկը և այդ ամուսնությունից
ծնված երեխաները պահպանում են կնոջ ազնվական տոհմի տհմանունը, նրանք պահպանում են նաև
համապատասխան տիտղոսներն ու ժառանգական իրավունքները:
Ազնվական տոհմի աղջկա ամուսնության պարագայում, եթե կինը և այդ ամուսնությունից
ծնված երեխաները ընդունում են տղամարդու տոհմանունը, ապա նրանք կորցնում են կնոջ հայրական
տոհմանունը և համապատասխան տիտղոսներն ու ժառանգական իրավունքները:
ՏԻՏՂՈՍՆԵՐ
Գոյություն ունի երկու կարգի ազատանի՝ տիտղոսավորված և չտիտղոսավորված: Առաջինները՝
իշխաններն են, երկրորդը՝ ազնվականները:
Ազատական/տոհմական տիտղոս պարգևելու իրավունքը բացառապես միապետինն է. որոշ
բացառիկ դեպքերում միապետի անունից հատուկ այդպիսի արտոնյա իրավունք կարող է ժամանակավորապես
ստանալ բարձրաստիճան կառավարիչը:
Քանի որ տիտղոսադրությունը և ազնվակարգությունը բացառապես միապետի իրավասությունն
է, ապա միայն միապետն էլ ունի բացառիկ իրավունք զրկել ազնվական տիտղոսից կամ կարգից:
Ոչ մի այլ անձ կամ պետական մարմին իրավասու չէ զրկել ազատանուն համապատասխան տոհմիկ
տիտղոսներից կամ դասից: Հետևաբար, 1917-1920-ական թվականների ապորինի բոլշևիկյան վարչակազմի
անօրինական որոշումը, որը արգելում է ազնվականնրեին կրել իրենց ժառանգական տիտղոսները,
անօրինական է և անվավեր՝ իր ընդունման պահից:
Ավանդական (այսինքը նախքան 1918 թվականը) տոհմական տիտղոսը պատկանում է ոչ
թե մեկ անձին, այլ ամբողջ տոհմին: Հետևաբար, տոհմի բոլոր անդամները՝ արական կամ իգական,
որոնք կրում են սույն տոհմի տոհմանունը (ազգանունը) իրավունք ունեն կրելու համապատասխան
տոհմական տիտղոսը:
Վերոհիշյալ կանոնից բացառություն են կազմում օտար միապետների կողմից նոր
(1918 թվից ի վեր) ազնվական տիտղոսները, որոնք հայ ազատանու համակարգում կարող են գրանցվել
միայն որպես անձնական կամ ժառանգական (ընտանիքի սահմաններում), սակայն ոչ տոհմական
(այսինքը չեն տարածվում աբմողջ տոհմանվան կրողների վրա): Նույնը վերաբերվում է օտար
միապետներից շնորհված նոր ազնվական կարգին: Նոր տիտղոսների և ազնվականների հարցը կարգավորվում
է այլ հատուկ կարգով:
Հայոց ավանդական տոհմական տիտղոս է համարվում «իշխան» տիտղոսը, որին ուշ միջնադարում
(սկսած 16-րդ դարից) համապատասխանում է «մելիք» տիտղոսը: Այսպիսով, իշխան և մելիք տիտղոսները
հոմանիշներ են:
Ըստ հայոց նախնյաց կարգի, իշխանությունը լինում է բնիկ՝ նախարարական (ex
initio) կամ պարգևական (ex novo): Բնիկ իշխաններ են համարվում բոլոր այն հայ իշխանական
տոհմերը, որոնք առաջացել են հայոց պատմության բնական ընթացքում և գրանցվել են պատմական
գահնամակներում որպես նախարարական տոհմեր: Պարգևական են համարվում այն իշխանական տոհմերը,
որոնք առաջացել են պատմական գահնամակներից հետո և իշախնական տիտղոսը ստացել են միապետից
(կամ նրա կողմից լիազորված անձի կողմից) որպես պարգև: Նախարարների և պարգևական իշխանների
միջև տարբերությունը զուտ արարողակարգային է՝ որպես տուրք պատմական կարգին. բոլոր իշխաններն
իրավահավասար են սույն Ազնվակարգի սահմաններում:
Իրական և վավեր են համարվում բոլոր այն տոհմական տիտղոսները, որոնք հիշատակվում
են գոնե մեկ գրավոր աղբյուրում (հրաման, կոնդակ, փիրման, ձեռագիր, նամակագրություն,
տապանաքար, վիմագիրյ ուսումնասիրություն կամ այլ), գրված նախ քան 1918 թվականը, երբ
միապետական-տոհմական համակարգը ժամանակավորապես ընդհատվեց Հայքում, և տիտղոսադրություն
չէր իրականացվում:
1918 թվից հետո, իրական և վավեր են համարվում միայն այն տիտղոսները, որոնք
տրված են օտարերկրյա գահակալ միապետների կողմից՝ մինչև որ վերականգնվի Մեծ Հայքի Արքայական
Գահը:
Նախ քան Հայոց Գահի վերականգնումը և Հայոց Արքայի գահակալությունը, ոչ ոք
իրավասու չէ տալ նոր հայկական ազնվական տիտղոսներ: 1918 թվից առաջ եղած հայ ավանդական
տոհմիկ տիտղոսների հաստատման հարցը մտնում է Հայ Իշխանաց Խորհրդի և/կամ Իշխանաց Իշխանի
իրավասությունների ներքո՝ միայն սույն ազատանու կարգի սահմաններում:
Իշխանի որդին իշխանազնն է, իսկ դուստրը՝ իշխանադուստր: Ամուսնությունից հետո
իշխանազնը կրում է իշխան տիտղոսը, իսկ իշխանադուստրը ստանում է կամ ամուսնու տիտղոսը՝
ամուսնու ազգանունը ընդունելու դեպքում, կամ էլ համարվում է իշխանուհի՝ եթե պահպանում
է իր իշխանական տոհմի ազգանունը:
Բոլոր նրանք, ովքեր կրում են իշխանական տոհմի տոհմանունը (ազգանունը), համարվում
են այդ տոհմի անդամներ: Հետևաբար, նրանք բոլորը ունեն այդ տոհմի տիտղոսը կրելու իրավունք:
Ազգանվան փոփոխության դեպքում, անձը կրոցնում է այդ տոհմի տիտղոսը կրելու իրավունքը:
Տիտղոսի առքն ու վաճառքը խստիվ արգելված է. այդպիսի իրավունք չունի նույնիսկ
Արքան:
Տոհմի ավագը համարվում է տոհմապետ իշխան: Տոհմում ավագությունը փոխանցվում
է ավագ որդու գծով. եթե այդ գիծը ընդհատվում է, ապա ավագությունը անցնում է այլ տղաներին՝
ըստ ավագության: Եթե տղաների գիծը ընդհատվում է, ապա ավագությունը անցնում է աղջկա
սերունդներին՝ պայմանով, որ նրանք պահպանել են իրենց տոհմի ազգանունը:
ՄԵԼԻՔ ՏԻՏՂՈՍԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Մելիք» բառը օտար (սեմական-արաբական) բառ է, և Արցախի, Սյունիքի, Գեղարքունիքի,
Գարդմանքի, Լոռվա, Այրարատի և արևելյան Վասպուրականի (Ղարադաղ) պարագաներում այն պետք
է աստիճանաբար փոխարինվի բուն հայերեն «իշխան» հոմանիշով:
Նույնապես, «բեկի» (որը տիտղոս չէ) հայ հոմանիշը ազնվականն է:
ԼՐԻՎ ԵՎ ԿԱՐՃ ՏԻՏՂՈՍՆԵՐ
Լրիվ տիտղոսը պարունակում է նաև տիտղոսակրի տիրույթների թվեարկությունը՝ ըստ
իշխանական տոհմի աշխարհի կամ գավառի և բերդի կամ ավանի: Մի քանի տիտղոսների առկայության
դեպքում, դրանք թվեարկվում են ըստ նվազման: Օրինակ. թագավոր Վասպուրականի, իշխան Մեծ
և Փոքր Աղբակի, տեր Հադամակերտի:
Կարճ տիտղոսը չի պարունակում տիրությների հիշատակում և բաղկացած է միայն տոհմի
բարձրագույն տիտղոսից:
Երկու տարբեր տոհմերի լրիվ տիտղոսները չեն կարող լիովին համընկնել:
Տիտղոսավեճերը խստիվ արգելված են: Անհամաձայնությունների դեպքում բոլոր ներգրավված
անձիք կամ տոհմերը պարտավոր են դիմել Իշխանաց Դատին:
ԴԻՄԵԼԱՁԵՒ*
(* Սույն գլուխը Ազնվակարգում է ժամանակավորապես: Աապագայում այն կտեղափոխվի
Արարողակարգի մեջ:)
Սահմանվում է դիմելաձևի հետևյալ կարգը.
1. Ամենայն Հայոց Արքային/Թագավորին դիմել «Ձերդ արքայական մեծություն»,
«Ձերդ մեծություն» կամ «Տէր Արքա»: Համապատասխանաբար երրորդ դեմքով՝ «Նորին արքայական
մեծություն» կամ «Նորին մեծություն»: Երրորդ դեմքում, ինչպես նաև տիտղոսային ստորագրությունում
գրվում է «Արքա Հայոց Մեծաց», «Արքա Ամենայն Հայոց», «Թագաւոր Ամենայն Հայոց», «Տէր
Արքա Հայոց»:
Վերոհիշյալ դիմելաձևը կիրառվում է նաև հայոց թագուհիների պարագայում, համապատասխանաբար՝
«Նորին թագավորական մեծություն», իսկ ստորագրության ձևը՝ «Թագուհի Ամենայն Հայոց» կամ
«Տիրուհի Թագուհի Հայոց»:
Նույն ձևերը կիրառվում են նաև հանգուցյալ արքաների և թագուհիների պարագայում:
Հայոց արքայազների և արքայադստրերի պարագայում դիմելաձևերն են. «Ձերդ արքայական
մեծություն», «Ձերդ մեծություն»: Համապատասխանաբար երրորդ դեմքով՝ «Նորին արքայական
մեծություն» կամ «Նորին մեծություն»:
2. Այլ (ոչ գահակալ, այսինքը՝ չիշխող) արքայական տոհմերի, ինչպես և տեղական
թագավորական տոհմերի (թագավորազններին, թագավորադստրերին), դիմել «Ձերդ թագավորական
գերազանցություն» կամ «Տէր»: Համապատասխանաբար երրորդ դեմքով՝ «նորին թագավորական գերազանցություն»
կամ «նորին գերազանցություն»: Երրորդ դեմքում, ինչպես նաև տիտղոսային ստորագրությունում
նշվում է «Տէր» և թագավորությունը. օրինակ՝ «թագավոր Աշոտ Արծրունի, տէր Վասպուրականի»:
3. Իշխանին, ինչպես նաև օտարերկրյա տիտղոսավորված անձանց դիմել «Ձերդ իշխական
պայծառություն», «Ձերդ պայծառություն» կամ «Տէր»: Համապատասխանաբար երրորդ դեմքով՝
«նորին իշխանական պայծառություն» կամ «նորին պայծառություն»: Երրորդ դեմքում, ինչպես
նաև տիտղոսային ստորագրությունում նշվում է «Տէր» կամ «իշխան» և ոստան ու տիրույթը.
օրինակ՝ «իշխան Արման Թումանյան, տէր Դսեղի»:
4. Չտիտղոսավորված ազնվականներին դիմել «Ձերդ վսեմություն» կամ «Տիար»: Համապատասխանաբար
երրորդ դեմքով՝ «նորին վսեմություն» կամ «տիար»:
Օտար տիտղոսավորված անձանց հայերեն դիմելիս, միշտ պետք է ելնենլ հայոց կարգից.
ըստ այդմ, բոլոր «լորդերը», «կնյազները», «գրաֆները» և այլը՝ հայերենով բոլորին դիմել
որպես հայ իշխաններին:
Վերոհիշյալ կարգը կիրառվում է բոլոր պաշտոնական փաստաթղթերում, ինչպես նաև
նամակագրության մեջ՝ երրորդ դեմքով հիշատակման պարագայում: Օրինակ. «նորին պայծառություն
իշխան Արտակ Մոկացին... Ձերդ պայծառություն, պատիվ ունեմ ողջունելու Ձեզ»:
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տիտղոսական ստորագրության պարագայում, կիրառվում է հետևյալ համակարգը.
տիտղոս Անուն Ազգանուն, տէր Տեղանուն
Օրինակներ.
իշխան Արտակ Թումանյան, տէր Դսեղի
Գրաբարյան տարբերակները նախընտրելի են՝ օրինակ.
իշխան Արգամ Օրբէլեան, տէր Սիւնեաց, Եղեգւոյ եւ Տաթեւոյ
ՏՈՀՄԱՆԻՇ
Տոհմանիշը պետք է հիմնված լինի տոհմի պատմության և գործունեության բնագավառների,
ավանդույթների և պատմությունների, ինչպես նաև տոհմի տիրույթներում տարածված խորհրդանիշերի
վրա: Այն պետք է ձևավորվի տոհմում տարածված և/կամ բնորոշ խորհրդավոր գույներով: Տոհմանիշերը
պետք է կազմվեն նիշագիտության հստակ կանոնների համաձայն:
Տոհմանիշերը և զինանշանները մշակվում և գրանցվում են բացառապես Իշխանակույտին
կից Հայ Նիշագիտական (Հերալդիկ) Խորհրդի կամ Արքայական Նիշագիտական Խորհրդի կողմից:
Տոհմանիշերի և զինանշանների ձևավորման սկզբունքները և գրանցման կանոնները
հաստատվում են լրացուցիչ Հայոց Նիշագիտական Կարգով:
ԻՇԽԱՆԱԿՈՒՅՏ / ԻՇԽԱՆԱԺՈՂՈՎ
Իշխանակույտը հայ իշխանների ժողովն է. այն կազմակերպություն-կառույց չէ:
Իշխանակույտը գումարվում է կարևոր և ընդհանուր նշանակություն ունեցող հարցերի
վերաբերյալ՝ Իշխանաց Իշխանի, ցանկացած տոհմի տոհմապետի կամ էլ տարբեր տոհմերի ցանկացած
երեք կամ ավել անդամների կոչով: Իշխանակույտը գումարվում է կոչից առավելագույնը երեք
ամսվա ընթացքում:
Իշխանակույտին իրավունք ունեն մասնակցելու ցանկացած հայ իշխանական տոհմերի
ցանկացած քանակությամբ անդամներ՝ արական կամ իգական, որոնք պատվեզրկված չեն Հայոց Արքայի
կամ Իշխանաց Դատի կողմից: Իշխանակույտում մասնակցությունը արդեն իսկ նշանակում է միմյանց
ճանաչում որպես իշխանների՝ համապատասխան տիտղոսներով և իրավասություններով հանդերձ:
Չտիտղոսավորված ազնվականները կարող են որոշ դեպքերում մասնակցել Իշխանակույտին: Ոչ
ազատական տոհմերի անդամները նույնպես կարող են ներկա գտնվել Իշխանակույտում՝ եթե կա
համապատասխան առաջարկ առնվազն մեկ իշխանի կողմից, և չկա որևե առարկություն այլ մասնակիցների
կողմից:
Որևե պատճառով իշխանի բացակայության դեպքում, նա կարող է ուղարկել իր լիազորված
ներկայացուցչին՝ իր կամ այլ ազատական տոհմից, այդպիսով ապահովելով իր և իր տոհմի մասնակցությունը
Իշխանակույտին. այդ դեպքում տոհմի ներկայացուցիչը պարտավոր է ցուցադրել իր կողմից ներկայացվող
տոհմի կնիքը:
Իշխանակույտում քվեարկությանը մասնակցելու համար, մասնակից տոհմերի անդամներից
մեկը պետք է կրի տոհմի կնիքը. այլապես տոհմի անդամները կարող են ներկա լինել, սակայն
չեն ունենում քվեարկության իրավունք:
Քվեարկությունը կատարվում է մեկ տոհմ – մեկ ձայն սկզբունքով: Մասնակիցները
պարտավոր են քվեարկել կողմ կամ դեմ. ձեռնպահ քվեարկություն չկա: Որոշումներն ընդունվում
են պարզ մեծամասնությամբ, բացառությամբ սույն Հայոց Ազնվակարգին վերաբերվող փոփոխություններին,
որոնք ընդունվում են միաձայն կողմ քվեարկությամբ:
Իշխանակույտն իրավասու է որոշել ցանկացած հարց, որն առնչություն ունի հայ
իշխանական դասի հետ: Իշխանակույտի որոշումները պարտադիր են բոլոր իշխանների համար՝
նույնիսկ եթե նրանք դեմ էին քվեարկել:
Իշխանակույտը նաև իրավասու է Հայոց Արքայության Գահի ընդհատվելու դեպքում
քննարկել, քվեարկել և քայլեր ձեռնարկել Հայոց Գահի ու Արքայի վերականգնման վերաբերյալ՝
ըստ սույն Ազնվակարգում սահմանված սկզբունքների: Մասնավորապես, Իշխանակույտը իրավասու
է որոշել նոր Արքայի թեկնածուի կամ թեկնածուների ցանկը՝ որոնք բոլորը պարտադիր պետք
է լինեն ներքո սահմանված հայոց արքայատոհմերից:
Իշխանակույտը ընտրում է Իշխանաց Խորհուրդը և Իշխանաց Իշխանին: Իշխանակույտը
նաև ստեղծում է Նիշագիտական (Հերալդիկ) Խորհուրդ, որը Հայոց Արքայական Գահի վերահաստատումից
հետո, վերանվանվում է Արքայական Նիշագիտական Խորհրդի: Իշխանակույտը կարող է նաև ստեղծել
այլ կառույցներ՝ ըստ իր հայեցողության:
Իշխանակույտը իրավասու է պատվազրկել և վտարել ցանկացած իշխանի Իշխանակույտից
կամ այլ իշխանական կառույցներից, եթե վերջինս դավաճանել է միապետին, Հայքին կամ հայոց
ազգին, խախտել է սույն Ազնվակարգի կամ էթիկայի կանոնները:
Իշխանակույտը կամ նրա կառույցները իրավասու չեն փոխարինել Հայոց Արքային՝
մասնավորապես տիտղոս պարգևելով կամ դրանից զրկելով:
Իշխանակույտի որոշումները գերակա են Իշխանաց Խորհրդի, Իշխանաց Իշխանի և այլ
իշխանական կառույցների որոշումների հանդեպ:
ԻՇԽԱՆԱՑ ԽՈՐՀՈՒՐԴ (ՄԵԾ ԽՈՐՀՈՒՐԴ)
Իշխանակույտի նիստերի միջև, որպես մշտական մարմին, գործում է Իշխանաց Խորհուրդը,
կազմված ինը անդամ-իշխաններից: Բոլոր անդամները պետք է լինեն տարբեր իշխանական տոհմերից՝
ընտրված Իշխանակույտի կողմից ձայների պարզ մեծամասնությամբ:
Իշխանաց Խորհուրդը իրավասու է ուղղորդել, կարգավորել և նախապատրաստել Իշխանակույտի
գործառույթները:
Իշխանաց Խորհուրդի որոշումները գերակա են Իշխանաց Իշխանի որոշումների հանդեպ:
ԻՇԽԱՆԱՑ ԻՇԽԱՆ (ՄԵԾ ԻՇԽԱՆ) կամ ԳԱՀԱՊԱՀ ԻՇԽԱՆ
Իշխանաց Իշխանը համարվում է հայոց ազատանու և իշխանական դասի առաջնորդը:
Հայոց Արքայի բացակայության կամ ընդհատվելու ժամանակաշրջաններում, Իշխանաց
Իշխանը համարվում է Հայոց Գահի տեղապահը: Հայոց Արքայի առկայության պարագաներում, Իշխանաց
Իշխանը համարվում է Նորին Արքայական Մեծության առաջին խորհրդատուն և օգնականը:
Իշխանաց Իշխանը ժամանակավոր տիտղոս է, որն առնչվում է պաշտոնի հետ. այն չէ
կարող ժառանգաբար փոխանցվել կամ դառնալ տոհմական տիտղոս: Ոչ Իշխանաց Իշխանը, ոչ իր
զավակները իրավունք չունեն դառնալ արքա:
Իշխանաց Իշխանը ընտրվում է Իշխանակույտի կողմց ներկա անդամների պարզ մեծամասնությամբ:
Իշխանը ընտրվում է առավելագույնը 7 տարի ժամկետով: Նա չի կարող անմիջապես վերընտրվել՝
երկրորդ անընդհատ ժամկետի: Նոր Իշխանաց Իշխանի ընտրությունը կատարվում է գործող Իշխանաց
Իշխանի պաշտոնակատարման վեցերորդ տարվա ընթացքում. այսինքն, նոր Իշխանաց Իշխանն իր
պաշտոնն ու իրավասությունները ստանձնում է իր ընտրությունից ավելին քան մեկ տարի հետո:
Իշխանաց Իշխանը կարող է ընտրվել բացառապես ոչ-արքայական և ոչ-տեղային-թագավորական
իշխանական տոհմից:
Իշխանաց Իշխանը պարտավոր է առնվազն տարին մեկ անգամ գումարել իշխանակույտ:
Իշխանաց Իշխանի իրավասությունները և լիազորությունները որոշվում և սահմանվում են Իշխանակույտի
կողմից՝ սույն Ազնվակարգի համաձայն:
Իրավունք չունի միանձնյա ինքնուրույն փոթոխություններ կատարել Իշխանաց Խորհրդի
(Մեծ Խորհրդի) կազմում:
Իշխանաց Իշխանը մասնակցում և ղեկավարում է Իշխանաց Խորհրդի նիստերը, սակայն
նա չէ քվեարկում:
ԱՐՔԱ
Հայոց Արքայի Լրիվ տիտղոսն է՝ Արքա Հայոց Մեծաց կամ Արքա Ամենայն Հայոց:
Հայոց Արքան ունի հինգ հիմնարար իրավասությունները, որոնք են.
Ա. Արարչածին իրավունքը՝ արքայությունը կարգված է Արարչի կողմից (jus
divine),
Բ. Հրամանային իրավունքը՝ Արքան գերագույն հրամանատարն է (jus imperii),
Գ. Հպատակության իրավունքը՝ բոլոր հպատակները Արքայի ընծաներն ու ծառաներն
են (jus gladii),
Դ. Պատվո իրավունքը՝ Արքան արժանի է պատվետվության (jus majestatis),
Ե. Պարգևային իրավունքը՝ միայն Արքան (կամ իր կողմից նշանակված անձը) իրավունք
ունի պարգևատրելու տիտղոսներով, ինչպես նաև զրկելու պարգևներից (jus honorum):
Այդ իրավասությունները պատկանում են Հայոց Արքաներին և Արքայատներին ի ծնե՝
անվան և արյան իրավունքով: Քան զի այդ իրավասությունները չեն տվրել որևե պետական, հոգևոր
կամ այլ հանրային մարմնի կողմից, այլ բնածին են, նրանք չեն էլ կարող արգելվել, կասեցվել
կամ չեղյալ հայտարարվել որևե պետական, հոգևոր կամ այլ հանրային մարմնի որոշումով:
Հայոց Արքան պետք է լինի հայ ավանդական տանը պատկանող այնպիսի վեհ, ազնիվ
և հայրենասեր անձնավորություն, որ նա ոչ թե գահ բարձրանա, այլ «իջնի» գահին:
Բացի այդ, արքայական գահին հավակնողը պետք է լինի.
Ա. հայրենասեր
Բ. հայ առաքելական կամ հայ ազգային հավատքի,
պարտադիր ազգությամբ հայ՝ հայրական և մայրական գծով նախնիներով),
Գ. հայախոս,
Դ. ամուսնացած և զավակ ունեցող,
Ե. առանց ակնհայտ կամ տեսանելի մարմնական կամ մտավոր թերությունների (որոնք
կարող են հաշմանդամության հիմք համարվել),
Զ. նախկինում չդատված,
Է. միայն Հայքի քաղաքացի (այլ քաղաքացիություններ ունենալու դեպքում, նա պարտավոր
է հրաժարվել դրանցից):
Հայոց Արքայի իրավասություններն, ընտրության պայմանները և այլ հարակից հարցերը
սահմանվում են առանձին Արքայակարգով:
ՈՒԽՏ
Բոլոր հայոց իշխանները և ազնվականները ի ծնե կապված են Հայոց Արքայի և Արքայատան
հետ տոհմական ուխտով-երդումով, որը պատմականորեն ժառանգվել է նախնիներից: Ըստ այդ տոհմական
ուխտի, բոլոր հայոց իշխանները և ազնվականները ճանաչում են Հայոց Արքայի հինգ հիմնարար
իրավասությունները:
Սույն ուխտի և նրանից բխող պարտավորությունների խախտումը համարվում է Հայոց
Արքայի, պետության և ազգի դեմ դավաճանություն և խստիվ պատժվում է՝ Արքայի կամ Իշխանակույտի
որոշմամբ:
ԹԱԳԱԺԱՌԱՆԳ ԵՒ ԳԱՀԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ
Հայոց Գահի լրիվ անվանումն է՝ Արքայից Գահ Հայոց Մեծաց:
Հայոց Գահին տիրանալ և Հայոց Արքա կարող է դառնալ միայն հայ ավանդական արքայատոհմի
ներկայացուցիչը: Հայ ավանդական արքայատոհմերը, որոնք կրել են «Հայոց Արքա» կամ «Թագավոր
Հայոց» տիտղոսները, հետևյալն են.
Հայկազնունի
Արարտունի (Արարատյան Թագավորության գահերեց տոհմը)
Երվանդունի
Արտաշիսյան
Արշակունի
Բագրատունի
Ռուբինյան-Հեթումյան-Լուսինյան
Ի սկզբանե, հայոց արքայատոհմերի բոլոր անդամները (jus nomine et just jus
sanguinis սկզբունքով) հավասար իրավունք ունեն տիրել Հայոց Գահին՝ ըստ սահմանված կարգի:
Նախապատվությունը տրվում է արական գծերին: Որևե մարմին՝ պետական համ հոգևոր, սահմանադրական
կամ հասարակական իրավասու չէ արգելել, սահմանափակել, կասեցնել կամ չեղյալ հայտարարել
հայոց արքայատոհմերի բնածին իրավունքը Հայոց Գահի հանդեպ, ինչպես նաև դրանից բխող իրավունքները:
Նախ քան Հայոց Գահի վերականգնումը և Հայոց Արքայի գահակալությունը, Հայոց
Գահի թեկնածուն համարվում է թագաժառանգ: Թագաժառանգը նախապես հաստատվում է Իշխանակույտի
կողմից: Հաստատման ընթացքը, ինչպես նաև Հայոց Գահի վերականգնումը որոշվում է առանձին
կարգով:
ՍԵՆԵԿԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Սենեկապետությունը՝ Հայոց Արքայի վարչակազմն (կանցելարիան) է: Սենեկապետության
ղեկավարը Սենեկապետն է:
Սենեկապետին նշանակում է Հայոց Արքան: Արքայի բացակայության պարագայում, սենեկապետին
նշանակում է Իշխանաց Իշխանը: Սենեկապետը պետք է լինի հայ իշխանական տոհմից:
ԱԶՆՎԱԿԱՆ
Ազնվականությունը չտիտղոսավորված ազատներն են:
Գոյություն ունի երկու տեսակի ազնվականություն.
Ա. տոհմիկ՝ պատմականորեն վկայված ազնվականներ, որոնց ազնվական կարգավիճակը
փոխանցվում է ժառանգաբար սերնդե սերունդ
Բ. Անձնական՝ նոր ազնվականություն, որի կարգավիճակը չէ փոխանցվում ապագա սերունդներին:
ԱՍՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Ասպետական միաբանություններ կարող են ստեղծել միայն Իշխանակույտի կողմից ճանաչված
(վկայված հատուկ գրությամբ) հայ միաբանությունները: Ճանաչումից հետո, նրանք իրավունք են ստանում ասպետական
դասին կարգել (համապատասխան ասպետական կոչումով) արժանապատիվ անձանց, որոնք այնուհետև
հաստատվում են Իշխանակույտի կողմից՝ ստանալով կնքված վկայական Իշխանակույտի անդամ երեք
կամ ավելի իշխանների կողմից:
Վերոհիշյալ կարգով ասպետություն ստացածները համարվում են անձնական ազնվականներ
և կազմում են հայ ազատանու մասը:
Ասպետությանը վերաբերվող հարցերը կարգավորվում են Ասպետակարգով:
ԹԱԳ
Հայոց Արքայական թագ՝ Ամենայն Հայոց Արքայի
(տոհմեր, որոնք պատմական աղբյուրներում ավանդաբար ներկայացված էին որպես արքա կամ թագավոր
հայոց): Հայոց Արքայական թագը պատրաստվում է ոսկուց:
ՊԱՏԻՎ
Պատիվը ազատանու բարոյական հիմքն է: Անձնական պատվի հետ մեկտեղ, իշխանը նաև
պետք է լինի տոհմական, իշխանական (որպես դասի) և ազգային պատվի կրողը: Դա նշանակում
է, որ իշխանը պարտավոր է պաշտպանել ոչ միայն իր անձնական պատիվը, այլև իր տոհմակիցների,
հայոց իշխանական դասի և համայն հայոց ազգի արժանապատվությունը: Հայ ազգի, ցանկացած
հայ իշխանի կամ իր տոհմակցի հասցեին հնչեցրած անպատվությունը, իշխանը պարտավոր է համարել
իր անձնական հասցեին հասցրած վիրավորանք, և արձագանքել համապատասխանաբար:
Հայոց Արքայի պատիվը գերազանցում է տեղական թագավորի պատիվը, իսկ վերջինս
գերազանցում է իշխանի պատիվը:
Բոլոր իշխանական տները ի սկզբանե համարվում են հավասար պատվի: Պատվավեճերը
խստիվ արգելվում են:
Իր նյութական տեսքով, պատիվը ներկայացված է որպես շղթա, որը կրում է Հայոց
Արքան՝ ոսկե և թանկարժեք քարերով, տեղային թագավորը՝ ոսկե առանձ քարերի, իշխանը՝ արծաթե
առանձ քարերի: Մանրամասները կարգավորվում են Արարողակարգով:
ԲԱՐՁ
Ամեն մի իշխանական տոհմ ունի իր բարձը արքունիքում և արքունի արարաողակարգում:
Մանրամասները կարգավորվում են Արարողակարգով:
ԶԵՆՔ
Արական սեռի ազատները պարտավոր են անցնել ծառայություն բանակում կամ այլ ռազմականացված
ծառայությունում:
Ամեն ազատ պարտավոր է ունենալ անձնական զենք:
ՇՔԱՆՇԱՆՆԵՐ
Ազատանու շքանշաններ և շքանշանային միաբանություններ կարող են ստեղծել բացառապես
արքայատներն ու թագավորական տները, ինչպես նաև Իշխանակույտը (կամ իրեն ներկայացնող
կառույցը) և Իշխանակույտի կողմից ճանաչված ասպետական միաբանությունները: Դրանցից ամեն
մեկը իրավունք ունի հաստատելու միայն մեկ շքանշան:
Շքանշանները կարող են տարբերակվել ըստ անվան (օրինակ՝ Թագի, Թրի, Արծվի, Առյուծի,
Պատվո և այլն) և աստիճանի (առավելագույնը երեք աստիճանի): Որոշակի շքանշանի կամ/և կարգի
պարգևատրման դեպքում անձիք կարող են ինքնաբերաբար դասվել հայոց ազատանու դասում՝ որպես
անձնական ազնվական:
Հայոց Արքայատան և Իշխանակույտի շքանշանների համակարգի մանրամասները կարգավորվում
են առանձին Շքանշանային Կարգով:
ԻՇԽԱՆԱՑ ԴԱՏ
Իշխանաց Դատը իրավասու է քննել և որոշումներ ընդունել սույն Ազնվակարգում
հիշատակված հարցերի վերաբերյալ, ինչպես նաև պատվին, արժանապատվությանը, բարոյականությանը
վերաբերվող հարցերի վերաբերյալ: Բացառիկ դեպքերում՝ ինչպիսիք են օրինակ Հայոց Արքայի,
Հայքի կամ հայոց ազգին դավաճանելու, կամ ինքնակոչության դեպքերում, Իշխանաց Դատը կարող
է պատվեզրկել իշխանին կամ ազնվականին: Պատվեզրկումը վերաբերվում է միայն որոշակի անձին
կամ որոշակի անձանց, և չէ տարածվում տոհմի այլ անդամները վրա. թեև բարոյականապես ազդում
է տոհմի հեղինակության վրա:
Իշխանաց Դատի որոշումները կարող են բողոքարկվել բացառապես Հայոց Արքայի մոտ,
որն ունի Իշխանաց Դատի որոշումները կասեցնելու կամ բեկանելու իրավունք:
Իշխանաց Դատի իրականացնում են դատավոր իշխանները, որոնք ընտրվում են Իշխանակույտի
կողմից առավելագույնը յոթ տարի ժամկետով:
Մանրամասները կարգավորվում են Իշխանաց Դատի Կարգով:
Комментариев нет:
Отправить комментарий